Քաղաքը, շուկան,բույրերը, քամին….

«Ամեն հարյուր քայլից աշխարհը փոխվում է».այո՛,փոխվում է ոչ միայն աշխարհը, այլ նաև մարդիկ: Դրա հետ մեկտեղ փոխվում ես դու, դառնում ես դրա մի մասնիկը,միաձուլվում ես ամենքին, ու այստեղ սկսվում է նորը, հետաքրքիրը, ամենահիշարժանը: Այս անգամ հարյուր քայլը փոխարինվեց հազարավորով, Հայաստանը՝ Վրաստանով, երեք օրը՝ համարյա մեկ շաբաթով, հիշարժանությունը՝ կարոտով։ Առաջին անգամ առանց ծնողներիս երկրից դուրս էի գնում.դե հիմա պատկերացրեք՝ինչ պատասխանատվություն էի կրում ինքս ինձ համար: Սովորականին համաձայն՝շարժվեցինք Մայր դպրոցից ու հաշված ժամերից հասանք Թիֆլիս: Ուզում եմ հնարավորինս մանրամասն ու շքեղ ներկայացնել տեսածս: Թիֆլիսում առաջին անգամ չէի, շատ անգամ եմ եղել,բայց հենց այս այցը տպավորվեց ու բացահայտեց Թիֆլիսն ինձ նորովի, դարձրեց այն իմ սրտի մի անկյան բնակիչ: Ուզում եմ ներկայացնել Թիֆլիսի գեղեցկությունը տուրիստի աչքերով: Գեղեցիկ է գիշերային Թիֆլիսը՝ չափազանց մարդաշատ,աշխույժ, ցերեկայինից չտարբերվող: Գլխավերևումդ կախված անեզր լույսերի շարքը կարծես աստղեր լինեն, որոնք լուսավորում են ճանապարհդ պայծառ շողերով: Փոքրիկ նեղ փողոցներ, ռետրո ոճով ձևավորած,փայտե նստարաններով սրճարաններ, սառը, արթուն պահող քամի ու շարժ. չափից շատ շարժ, չափից շատ դեմքեր, քայլերի դոփյուններ,տարբեր լեզուներով զրույցներ… Այս ճարտարապետական լուծումներն ինձ հիշեցրեցին Իտալիայի նեղլիկ փողոցները: Անտարբեր չմնացի քաղաքի մաքրության հանդեպ: Երբ գնացել էինք Թբիլիսի ծով էկոակցիայի, զարմացած էինք, գրեթե բան չկար հավաքելու, որը մեզ զարմանալիորեն ուրախացրեց: Փողոցները շշմելու աստիճան մաքուր էին։Հիացնում էր բնակիչների վերաբերմունքը քաղաքի նկատմամբ.ամենաչնչին աղբը ձեռքով էին հավաքում:Ցավոք Հայաստանում այդ խնդիրը դեռ լուծված չէ, մարդու մտածելակերպ չէ:
Գեղեցիկ է Թբիլիսին: Խորհրդավոր, միաժամանակ հասանելի ու պարփակված։Հսկայական եկեղեցիներն այնքան հետաքրքիր կառուցվածք ունեին, այնքան տնտղելու ու բացահայտելու դետալներ:
Գեղեցիկ էին լեռները, քաղաքի բարձր դիրքը: Ա՜խ այդ քամին, որ կարծես պոկում էր հոգիդ քեզանից ու նվիրում թիֆլիսյան փողոցներին,սաստիկ ուժեղ էր։ Այն աստիճան ուժեղ, որ քամու ուժն ու քայլերս կռիվ էին տալիս միակողմ ուղղությամբ գնալու համար: Դա էլ էր հաճելի:

Իսկ շուկան…Համեմունքների բույրը անտարբեր չէին թողնի նույնիսկ ամենակուշտ մարդուն: Շուկայի ամեն տաղավարում ես տեսա Թիֆլիսի գույները՝ հազարավոր երանգներով ու բույրերով: Շուկայից քաղցած հաստատ դուրս չէիք գա: Հնարավոր է նույնիսկ գինովցած…Բացի քաղաքի գեղեցկությունից գինովցած լինելուց, այստեղ կհարբեիք շուկայում առաջարկած թանձր գինուց: Գեղեցիկ է հյուրասիրության արվեստը: Գեղեցիկ է քաղաքը՝շուկայի մեջ:

Մարդիկ նույնպես բարի էին: Բայց Հայաստանն այս առումով ուրիշ է: Ոչ մի ժպիտ, բարյացակամություն չի համեմատվի հայության հետ:Իսկ մեզ հյուրընկալած դպրոցի մեծ մասը հայեր են: Կարծում եմ պատկերացում կազմեցիք, թե ինչքան էինք մտերմացել,կապվել ու հասցրել ճանաչել միմյանց:

Ոչ մի շաբաթ այսքան ակնթարթորեն չէր անցել, ինչպես այս մեկը: Այսպիսի կրթական կամուրջները պետք է միայն ու միայն ամրացնեն իրենց հիմքերը, երկարեցնեն իրենց սահմաններն ու ավելի ու ավելի անցորդների մուտք թողնեն: Ու այսպես.ամեն ճամփորդությունից վերցնում ենք հիշողությունները,թողնում միայն ոտնահետքերը…

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑