Բառարանագիտություն։ Բառարանների տեսակները

Բառարանագրությունը բառագիտության մի առանձին բաժին է, որն ուսումնասիրում է բառարանների տեսակները, և բառարան կազմելու կանոնները։ Բառարանի նպատակը կոնկրետ բառի նկարագրությունն է, նրա իմաստային և ձևային տարբեր հատկանիշների վերհանումը։ Բառարանագրությունը առնչվում է լեզվի բառագիտության, իմաստաբանության, ստուգաբանության և ոճագիտության բաժինների հետ։ Բառարանագրի նպատակն էլ տասնյակ հազարավոր բառերի արտահայտած իմաստների, դրանց նրբերանգների, բառիմաստի կրած փոփոխությունների ճշգրիտ բացատրելն է։

Բառարանները բաժանվում են երկու մեծ խմբի՝ հանրագիտական և բանասիրական (լեզվաբանական)։

Հանրագիտական բառարաններ

Հանրագիտական բառարանը կոչվում է նաև հանրագիտարան (էնցիկլոպեդիա)։ Պարունակում է անհրաժեշտ գիտելիքներ շրջապատող աշխարհի ու բնության, հասարակական կյանքի, գիտության ու մշակույթի, տնտեսության, տեխնիկայի, սպորտի ու նշանավոր մարդկանց վերաբերյալ, որոնք ընդգրկված են բառացանկերում։ Հանրագիտական բառարանները լինում են

  • համընդհանուր
  • մասնաճյուղային

Համընդհանուր հանրագիտական բառարաններ են անգլիական «Բրիտանիկա», ֆրանսիական «Լառուսը» և «Ռոբերը», «Խորհրդային մեծ հանրագիտարանը», 12-հատորանոց «Հայկական սովետական հանրագիտարանը», «Ինչ է, ով է» բառարանը, «Դպրոցական մեծ հանրագիտարանը»

Մասնաճյուղային հանրագիտարաններից են «Բժշկական հանրագիտարանը», Հրաչյա Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանը», Էդուարդ Ջրբաշյանի և Մախչանյանի «Գրականագիտական տերմինների բառարանը», Պետրոսյանի «Հայերենագիտական բառարանը»։

Բանասիրական (լեզվաբանական) բառարաններ

Բանասիրական (լեզվաբանական) բառարաններում տրվում են բառերի ու դարձվածքների բացատրությունները, տարբեր լեզուներում դրանց իմաստային համապատասխանությունը, ուղղագրությունը, ուղղախոսությունը։ Բանասիրական (լեզվաբանական) բառարանները լինում են.

  • բացատրական
  • ստուգաբանական
  • տեղանունների
  • հոմանիշների
  • հականիշների
  • համանունների
  • դարձվածաբանական
  • թարգմանական
  • օտար բառերի
  • ուղղագրական

Բացատրական բառարան

Բացատրական բառարաններում բացատրվում են լեզվի կամ մի քանի շրջանի մեջ մտնող բառերը։ Իմաստները առավելի կոնկրետ բացատրելու համար հաճախ բերվում են բնագրային օրինակներ, քերականական ու ոճական նշումներ։ Կան նաև օտար բառերի բացատրական բառարաններ, որոնցում ներկայացվում են գրական, խոսակցական լեզվում գործաղվող օտար բառերի բացատրությունները։

Ստուգաբանական բառարան

Ստուգաբանական բառարաններում տրվում են բառերի ծագումը, նրանց առնչակցությունը ցեղակից ու ոչ ցեղակից այլ լեզուների հետ։ Ստուգաբանական բառարան է Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը»։

Տեղանունների բառարան

Տեղանունների բառարաններում ծանոթացվում են աշխարհագրական տեղանունները, դրանց տարբերակները, երբեմն էլ՝ ստուգաբանությունները, հրամցվում են այդ անունով կոչվող վայրերը։

Հոմանիշների, հականիշների, համանունների բառարաններ

Հոմանիշների բառարաններում տրվում են բառերի մերձային իմաստային և նույն իմաստը ունեցող բառերը։ Իրար հոմանիշ բառերը միասին կազմում են հոմանշային շարք։ Հականիշների բառարաններում տրվում են բառերի իրար հակադիր իմաստ արտահայտող բառերը, իսկ համանունների բառարաններում՝ բառային, բառաքերականական, քերականական, լիակատար և մասնակի, բուն, նույնահունչ և նույնագիր բառերը։

Դարձվածաբանական բառարան

Դարձվածաբանական բառարաններում արտացոլվում է լեզվի դարձվածքների հարստությունը։ Դարձվածաբանական բառարաններում տրվում են դարձվածքների բացատրությունները, տեղեկություններ դարձվածքների ծագման մասին։

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑